Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:
Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում 51.41468 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով Էդուարդ Օհանյանին օտարելուն: Էդուարդ Օհանյանի կողմից հիմնադրված «Գրին սոլուշնս» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել առնվազն 48 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումային ծրագիր։
Ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։ Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այս գործարքից ընդհանուր առմամբ համայնքային բյուջե 22 մլն դրամ մուտք կարվի:
«Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա. նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեով արդյունաբերական տնկարան:
Մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար: Շինարարության աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ: Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի մոտ 12 հազար տոննա բանջարեղեն, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր նման ներդրումային ծրագրերի համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարևորությունը.
«Ես ուզում եմ հետևյալ հանձնարարականը տալ. երբ դե յուրե որոշումները կայացված են, ապա հետագայում պետք է հոգ տանել, որ բուն ծրագրի իրականացման ճանապարհին, հաջորդ օղակներում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, և ծրագիրը բնականոն ընթացքով առաջ գնա: Իհարկե, երբեմն մենք տեսնում ենք նաև օբյեկտիվ համակարգային խնդիրներ, որոնց լուծմամբ պետք է զբաղվենք:
Բայց, ընդհանուր առմամբ, մեր ուղերձը կառավարման բոլոր օղակներին պետք է լինի այն, որ ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չխոչընդոտվի: Սա կարևոր է նաև կառավարության համար, որովհետև մենք շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ ենք մեր առջև դրել, իսկ այդ տնտեսական աճի հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում: Հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ պետական և մասնավոր ներդրումային ծրագրերն արհեստական խոչընդոտների չհանդիպեն: Սա նույնքան կարևոր աշխատանք է, որքան դե յուրե որոշումներ կայացնելը:
Այդ ազդակները պետք է ստանալ, արագ արձագանքել դրանց՝ բյուրոկրատական, արհեստական քաշքշուկներից, հնարավոր կոռուպցիոն խոչընդոտներից մարդկանց ազատելու համար»: