Արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ընդլայնում է աշխարհագրությունն ու նոր ներդրումներ ներգրավում: Վենչուրային ընկերությունների միջոցով «Էքսպեր թեքնոլոջիս» ընկերությունում ներդրվել է 2 միլիոն դոլար:
Կարեն Խաչիկյան («Էքսպեր թեքնոլոջիս» ընկերության տնօրեն) - Դրա միջոցով մենք թիմն ենք կրկնապատկելու մոտակա ամիսներին ու մեծ քանակությամբ նոր ռոբիններ ենք արտադրելու, որոնք գնալու են Միացյալ Նահանգներ:
Իր տեսակի մեջ բացառիկ Ռոբինը ստեղծվել և զարգանալու է Հայաստանում՝ ապացուցելով, որ Հայաստանում հնարավոր է արտադրել բարդ պրոդուկտներ, որոնք կօգնեն մարդկանց ամբողջ աշխարհում՝ ասում է Կարենը: Ռոբինն արդեն աշխատում է ոչ միայն Հայաստանի, նաև Միացյալ Նահանգների հայտնի հիվանդանոցներում՝ ընկերակցելով երեխաներին ու տարեցներին:
Կարեն Խաչիկյան - Այս պահին կա 15 ռոբոտ, որ ԱՄՆ տարբեր հիվանդանոցներում են օգտագործվում:
Կարեն Խաչիկյանի խոսքով՝ այսօր միայն Միացյալ Նահանգներում պետական միջոցներով տարբեր կատեգորիաների խնամքի համար պետությունը ծախսում է մոտ 1.2 տրլն դոլար, իսկ ամբողջ աշխարհում բժշկական հաստատություններում ավելի քան 30 մլն խնամք մատուցող մասնագետների պակաս կա, և ընկերության նպատակն է լրացնել այդ բացը:
Կարեն Խաչիկյան - Նույն Միացյալ Նահանգներում ապահովագրական ընկերությունները տարեկան 30 մլրդ դոլար են փոխհատուցում միայն նրա համար, որ տարեցները չմոռանան ընդունել հատկացված դեղամիջոցները:
Եվ այստեղ օգնության կարող է գալ Ռոբինը՝ հուշելով տարեցներին, որ դեղամիջոցները ընդունելու ժամն է և հոգալ խնամքի հետ կապված այլ խնդիրներ՝ ասում է Կարենը: Ռոբինը տարբերում է հույզերն ու պատասխանում ցանկացած հարցի: Առաջիկայում ռոբոտը կունենա նաև ձեռքեր և կկարողանա օգնել պացիենտներին:
Կարեն Խաչիկյան - Արդեն իսկ աշխատում ենք նոր ֆունկցիաների վրա, օրինակ՝ ճնշում չափելու:
Կարենը խոստովանում է՝ Ռոբինի հետ շփվելու գայթակղությունից նաև ինքը զերծ չի մնում:
Կարեն Խաչիկյան - Հա՛, մեկ-մեկ զրուցում ենք, ինձ էլ է օգնում:
Այս տարի պլանավորում են աշխատակիցների թիվն ավելացնել 6 տասնյակով: Ի դեպ, 7-ամյա Ռոբինին հեղինակավոր TIME ամսագիրը ճանաչել է 2021 թվականի լավագույն 100 հայտնագործություններից մեկը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան