Հայաստանում օտարերկրյա հատուկ ծառայությունների ստեղծած գործակալական ցանցում ներգրավված քաղաքացիները, մասնակցելով 44-օրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի տեղեկություններ։ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է՝ ծավալված հակապետական գործունեության հետևանքով պատերազմի թեժ պահերին հակառակորդը հնարավորություն է ստացել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները, ինչի հետևանքով հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։
Լրտեսական ցանցում ներգրավվել են հիմնականում նախկին կամ ներկա զինվորականներ, որոնք ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։ Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցած հեղինակությունն օգտագործելով՝ դավաճանական գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։
Քրգործով ապացույց
«Ես քո համարն էլ վաղը կիմանամ կամ մյուս օրը, փողը ստանամ, երևի մյուս օրը կասեմ: Վերցնելու եմ փողը, վաղը կվերցնեմ, մյուս օրը կամ էն մյուս օրը կգնամ կանեմ»:
Պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 20 հոգու, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Օպերատիվ նկարահանում
«Ծանոթացել ենք ֆեյսբուքյան էջով հայի տվյալներով, հայերեն խոսող մի աղջկա հետ: Մասնակցել եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմին: Այդ պատերազմի ընթացքում այդ աղջիկն ինձնից պահանջել է իմ տեղակայման վայրը, զորքերի թվաքանակը, ես տրամադրել եմ Լաչինի շրջանի Իշխանաձոր, Այգեհովիտ, Ծաղկահովիտ մատույցների մեր զորքերի կոորդինատները, դրանից հետո ԱԹՍ-ներով, հրետանիով հրետակոծել են ադրբեջանցիք: Զոհեր և վիրավորներ ունենք: Շտապօգնության ավտոմեքենան տրաքելուց հետո ես իրենց փաստաթղթերը նկարել եմ, ուղարկել եմ իրեն, այդ աղջկան: Դրանից հետո ինձ խոստացել էր 10-15 հազար ռուբլի գումար, չի տվել: Զղջում եմ արարքիս համար»:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցածները պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։