Փետրվարի 17-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հրավիրվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ դիվանագետին է փոխանցվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի ռուսական նախագծին ամերիկյան պատասխանի վերաբերյալ արձագանքը։
Փաստաթղթում արձանագրվում է, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել Ռուսաստանի առաջարկներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու, նախկին խորհրդային երկրների տարածքում ռազմաբազաներ չտեղակայելու մասով:
«Տագնապ է հարուցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվությունը անմիջապես ռուսական սահմանների մոտ, մինչդեռ մեր «կարմիր գծերը» և անվտանգության ոլորտում արմատական շահերը, ինչպես նաև Ռուսաստանի՝ դրանք պաշտպանելու ինքնիշխան իրավունքը նախկինի պես անտեսվում են: Ռուսաստանի տարածքում որոշակի շրջաններից զորքերը դուրս բերելու վերջնագրային պահանջները, որոնք ուղեկցվում են պատժամիջոցների խստացման սպառնալիքներով, անընդունելի են և խաթարում են իրական պայմանավորվածությունների ձեռքբերման հեռանկարները»,- նշել են ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունում՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան համապատասխան գործողություններ կձեռնարկի, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի:
Ըստ ՌԴ ԱԳՆ հրապարակած փաստաթղթի՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները, հետ կանչել այնտեղից արևմտյան բոլոր խորհրդականներին և հրահանգիչներին, հրաժարվել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժություններից և այլն: