Մենք աճյունների նույնականացման գործընթացն ավարտել ենք և ներկայումս հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների աճյունների նույնականացման հարցին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ եղել են դժվար հետազոտվող մասունքներ, որոնցից դժվար է եղել ԴՆԹ առանձնացնելը:
«100-ից ավելի մասունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք արդյունքները»,- ասաց նախարարը:
«Կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն: Կան նաև մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել. դրանք արխիվացված են»,- նշեց նա:
Անդրադառնալով դիահերձարանների վիճակին՝ նախարարը նշեց, որ 2021 թվականի ընթացքում և՛ Մեծամորում, և՛ Մարտունիում, և՛ Աբովյանում ավարտվել են բոլոր դատաբժշկական կենտրոնների, դիահերձարանների վերանորոգման աշխատանքները:
«Այս պահին, կարելի է ասել, որ գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափանիշներին: Դրանք վերանորոգված են, կահավորված, ապահովված սառնարանային ամբողջական կարողություններով»,- ընդգծեց Ավանեսյանը: