ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Ղազախստանում հաջող խաղաղապահ գործողության փորձը մանրամասն կվերլուծվի, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս պետություններում նման սցենարների կրկնության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը: «Կենտրոնական Ասիայում, որտեղ առկա են զգալի թվով ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջներ», ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավիճակը մնում է բավական փխրուն»,- նշել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Ղազախստանում հարձակումներ իրականացնողների թվում եղել են օտարերկրյա ծագում ունեցող անձինք, ինչպես նաև զինյալներ, որոնք փորձառություն են ստացել արտերկրում և «թեժ կետերում»: ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործարկման արդյունավետությունը վկայում է, որ հետխորհրդային տարածքում կազմակերպության երկրների համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում պահանջված է:
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ բախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է լարված, ուկրաինական սահմանից ռուսական զորքերի էական դուրսբերում չկա։ Ղեկավարներն անդրադարձել են նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ քննարկումներին՝ կապված Ուկրաինայի շուրջ լարվածության հետ: Կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել դիվանագիտության և զսպման միջոցների անդրատլանտյան շարունակական համակարգման կարևորությունը: Բայդենն ու Շոլցը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի ռազմական ուժեղացման հարցը՝ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի դեպքում, հայտնում է Սպիտակ տունը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական գործակցությունը և լարվածության նվազեցման անհրաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Պաշտպանության նախարարների երկօրյա բանակցությունների սկզբում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական ուժերի դուրսբերման նշաններ չկան, ինչը խանգարում է դիվանագիտական ջանքերին: «Ռուսաստանն ավելացրել է զորքերի թիվը. դեէսկալացիա չկա»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նախարարները հայտարարել են, որ «պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», և նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը Ռուսաստանին դիմագրավելու, արևելյան թևում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ոգեշնչելու և միջազգային կարգը պահպանելու համար»:
ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՌԴ ՈՒԺԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՑ
«Մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից ուժերի դուրսբերում ուկրաինական սահմանից»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դրական տեղաշարժն ու ռուսական կողմի հետ քաշման նշանները չափազանց աննկատ են: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն իրավիճակը պահում են վերահսկողության տակ:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ԼԱՎՐՈՎԻ ԵՎ ԿՈՒԼԵԲԱՅԻ ՀԵՏ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի հետ: Հեռախոսազրույցների թեման եղել է ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում տեղի ունեցող զարգացումները: Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում անդրադարձել է խնդիրը լուծելու հարցում դիվանագիտական նախաձեռնությունների կարևորությանը և այդ համատեքստում ևս մեկ անգամ հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի հանդիպումները հյուրընկալելու առումով: Լավրովը հաստատել է մարտի 11-13-ին անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին և այդ օրերին նախատեսվող Աստանայի ֆորմատի ԱԳ նախարարների հանդիպմանն իր մասնակցությունը: Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես քննարկվել են ռուս-ուկրաինական լարվածությանն առնչվող հարցեր:
ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՈՂՄԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՄՈՏ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆԸ. ԲԱՂԵՐԻ
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցություններին, հայտարարել է, որ բանակցող կողմերն առավել քան երբևէ մոտ են համաձայնությանը: «Շաբաթներ տևած ինտենսիվ բանակցություններից հետո մենք առավել քան երբևէ մոտ ենք համաձայնությանը, «բայց քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, համաձայնեցված չէ ոչինչ»,- ընդգծել է Բաղերին։ Նրա խոսքով՝ այս փուլում անհրաժեշտ է լինել իրատես, հրաժարվել առավելապաշտությունից և ուշադրության արժանացնել վերջին 4 տարվա փորձը։ «Ժամանակն է, որ բանակցող կողմերը որոշում կայացնեն»,- ընդգծել է Բաղերին: