«Ալազան» համակարգի հրթիռից մինչև գնդացիր ու «Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ սրանք վերջին պատերազմի օրերին Արցախից Հայաստան ապօրինի բերված զենք-զինամթերքի ընդամենը մի մասն են։ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար, վերջին տվյալով՝ կան 84 մեղադրյալ, 8 դատապարտյալ: Ոստիկաններն առ այսօր առգրավել են 1246 միավոր զենք։
Արամ Հովհաննիսյան (ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ) - Որոնցից 390 ինքնաձիգ, 22 գնդացիր, 417 ատրճանակ, 400 հրացան, 22 նռնականետ:
Ոստիկանապետի առաջին տեղակալի խոսքով՝ սա իրականում բավականին մեծ թիվ է, և իր պրակտիկայում նախկինում այս քանակությամբ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
Արամ Հովհաննիսյան - Պատերազմից հետո օպերատիվ ինֆորմացիաներ ունեինք, որ քաղաքացիներ կան, որոնք ապօրինի զենքը մարտադաշտից տեղափոխում են Երևան քաղաք և հանրապետության տարբեր տարածաշրջաններ, այդ իսկ պատճառով ոստիկանապետի կողմից ցուցում է տրվել՝ հայտարարել զենք-զինամթերքի առգրավման տարի։
Հաշվի առնելով պատերազմից հետո բերված մեծ քանակի զենքը՝ գնդապետը համոզված է՝ դեռ որոշ քաղաքացիներ ապօրինի զենք-զինամթերք են պահում: Ներկայացնելով վերջին երեք տարիների վիճակագրությունը՝ Արամ Հովհաննիսյանն ընդգծեց՝ զենքի գործադրմամբ հանցագործությունները քիչ, բայց աճել են:
Արամ Հովհաննիսյան - 2019 թվականի ընթացքում հանրապետության վարչական տարածքում կատարվել է զենքի գործադրմամբ 75 հանցագործության դեպք, 2020 թվականի ընթացքում՝ 86, 2021-ի ընթացքում՝ 95 հանցագործության դեպք, 2022-ի 45 օրերի ընթացքում՝ 5 հանցագործության դեպք։ Աճը շատ քիչ է, բայց չենք էլ ուզում պատկերացնել՝ ինչ կարող էր լինել, եթե այդ 1246 առգրավված միավորները մնային քաղաքացիների մոտ:
Անդրադառնալով Երևանում և մարզերում անցկացվող ուժեղացված ծառայությանը ու քաղաքացիների դժգոհություններին՝ փոխոստիկանապետը նշեց՝ այսպես կոչված ռեյդերի արդյունքում ևս մեծ թվով ռազմամթերք ու թմրամիջոց են հայտնաբերում:
Արամ Հովհաննիսյան - Ընդամենը մեկ օրինակ բերեմ՝ վերջին ուժեղացված ծառայությունների 4 ժամերի ընթացքում Երևանում հայտնաբերվեցին 2 ինքնաձիգ, մի քանի ատրճանակ, մարտական, գազային 21 միավոր սառը զենք և տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Ապօրինի զենք-զինամթերքը առգրավելուց հետո ուղարկվում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ յուրաքանչյուրը մանրակրկիտ փորձաքննության է ենթարկվում: Առգրավված 1246 զենքերից մի քանիսի փորձաքննություններով արդեն իսկ բացահայտվել են նախկինում կատարված ծանր հանցագործության դեպքեր:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան