Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ ունեին, որ ուղևորի մոտ թմրանյութ կար: Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղևորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ էր նետել:
Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ կասկածվողի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: 38-ամյա տղամարդը և տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Արաբկիրի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներին միացել են քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։
Ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկը, որտեղ փաստացի բնակվում էր ձերբակալվածը: Իրավապահները հայտնաբերել են 1 կգ 100 գրամից ավելի սպիտակավուն և 30 գրամից ավելի՝ վարդագույն զանգվածներ, որոնք, ըստ 38-ամյա տղամարդու, մեթամֆետամին ու էքստազի թմրամիջոց էին:
Հայտնաբերվել է նաև 70 գրամ այլ զանգված, որը, նախնական տվյալներով, PVP տեսակի թմրամիջոց էր: Իրավապահները հայտնաբերել են նաև թմրամիջոցի վերամշակման և իրացման համար նախատեսված տարբեր միջոցներ և առարկաներ, այսպես ասած՝ թմրամիջոցի վերամշակման լաբորատորիա:
Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: