Կառավարությունը ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարեց վերաբաշխում՝ 3.256.536.3 հազար դրամի չափով: Միջոցները կուղղվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը և գույքով ապահովմանը:
«Բյուջեով նախատեսված գումարն առաջարկվում է վերաբաշխել 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, 10 մանկապարտեզների մոդուլային շենքերի կառուցմանը, ինչպես նաև 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախատեսմանը, 21 մոդուլային դպրոցների շենքերի կառուցմանը, ինչպես նաև 10 դպրոցների մոդուլային շենքերի նախագծմանը»,- ասաց Դումանյանը:
Խոսքը նաև 17 հանրակրթական ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման, 1 բարձրագույն ուսումնական հաստատության շենքի հիմնանորոգման, 4 հուշարձանի վերականգնման մասին է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծը տեղավորվում է ռազմավարական նշանակության ծրագրերի շրջանակում:
«Բոլորը կոնկրետ կապիտալ ներդրումներ են, որոնք կոնկրետ ազդեցություն պետք է ունենան կրթության, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում: Մենք բոլորս պետք է հետևենք, որ աշխատանքները կատարվեն պատշաճ որակով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: