Հյուսիս-հարավ ճանապարհը մոտ 560 կմ է, Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրին:
«Այժմ գործող ճանապարհը՝ Սիսիանից դեպի Քաջարան, միջինում ունի մոտ 50 կմ/ժ արագություն: Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ, որը շուրջ 2 ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, նաև կլինի բարեկարգ, ժամանակակից ստանդարտներին բավարարող, անվտանգ ճանապարհ, ինչը, կարծում ենք, և՛ ռազմավարական, և՛ տնտեսական առումով շատ կարևոր է»,- ասաց նախարարը:
Սանոսյանի խոսքով՝ ծրագրի իրականացման համար 6 տարի ժամկետ է նշվում:
«Ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4.7 կմ միայն կամուրջներ: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք 5 թունելներ են, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա»,- ասաց Սանոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: