Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցություններին, հայտարարել է, որ բանակցող կողմերն առավել քան երբևէ մոտ են համաձայնությանը` փոխանցում է Tasnimnews-ը:
«Շաբաթներ տևած ինտենսիվ բանակցություններից հետո մենք առավել քան երբևէ մոտ ենք համաձայնությանը, բայց քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրատես լինել, հրաժարվել առավելապաշտությունից և ուշադրության արժանացնել վերջին չորս տարվա փորձը։ Ժամանակն է, որ բանակցող կողմերը որոշում կայացնեն»,- ասել է Բաղերին:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին հայտարարել էր, որ հնարավոր է՝ առաջիկա շաբաթների ընթացքում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի: Նրա խոսքով՝ եթե դա տեղի չունենա, ապա միջուկային գործարքի վերականգնումն անհնար կդառնա: