Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:
Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:
Ըստ հիմնավորման՝ ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության:
Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է առաջարկվում այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր»: