ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը. Եվրոպական խորհրդարանը Մինսկի խմբին կոչ է արել շուտափույթ վերադառնալ իր միջնորդական դերին:
Խորհրդարանը վերահաստատել է իր դիրքորոշումը. լիագումար նիստում ընդունվել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը: Եվրոպական կառույցը շեշտել է նաև, որ հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկնեն երեք հիմնարար սկզբունքները:
Եվրոպական խորհրդարան - ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է տարածքային ամբողջականության, ինքնորոշման և իրավահավասարության, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը:
Եվրոպական խորհրդարանը զեկույցում կոչ է անում լիարժեքորեն կյանքի կոչել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հիմքում ընկած՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Զեկույցում անդրադարձ է կատարվում տարածաշրջանային իրավիճակին, ընդգծվում Հարավային Կովկասում Եվրամիության և անդամ երկրների ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի կայունության և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային ուժերի ազդեցությանը և միջամտությանը հակազդելու համար:
Եվրոպական խորհրդարան - Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը, անդամ երկրներին և փոխնախագահին ակտիվորեն ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կայուն կարգավորման որոնմանը և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու հետպատերազմական խնդիրները:
Որպես հրատապ խնդիրներ՝ կառույցը մատնանշել է՝ սահմանների սահմանագծումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը:
ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Եվրոպական խորհրդարանն անդրադարձել է նաև Թուրքիայի կառավարության գործունեությանը. կառույցը մտահոգություն է հայտնել Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ կապված, ինչի պատճառով երկիրը մշտապես հակասության մեջ է Եվրամիության, առանձին անդամ պետությունների և հարևան երկրների հետ:
Եվրոպական խորհրդարան - Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակը շարունակաբար վատթարանում է: Եվրամիությա կողմից Թուրքիային ֆինանսական աջակցությունը կտրամադրվի վերջինիս պարտավորությունների իրականացմանը համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և եվրոպական արժեքների ու սկզբունքների հարգումը:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարն անիրատեսական է, և եթե ներկայիս բացասական միտումները չվերացվեն, Անկարայի հետ բանակցությունները պետք է պաշտոնապես կասեցվեն՝ զեկույցից մի հատված է: Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է արել վերսկսել դիվանագիտական երկխոսությունը՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի վեճերին կայուն լուծումներ գտնելու համար:
Եվրախորհրդարանը հիշեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգտագործելու իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները, կառույցի և անդամ պետությունների շահերի պաշտպանության և տարածաշրջանային կայունության պահպանման համար: