Եվրոպական խորհրդարանը խորապես մտահոգված է Թուրքիայի կառավարության ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ, ինչի պատճառով երկիրը մշտապես հակասության մեջ է Եվրամիության, նրա առանձին անդամ պետությունների և հարևան երկրների հետ: Այս մասին նշված է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում:
Եվրախորհրդարանը հիշեցրել է Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի շարունակաբար վատթարացման մասին: Եվրամիությունից Անկարային զգուշացրել են, որ ԵՄ-ի ֆինանսավորումը Թուրքիային կիրականացվի վերջինիս պարտավորությունների իրականացմանը համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և եվրոպական արժեքների ու սկզբունքների հարգումը:
Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է արել վերսկսել դիվանագիտական երկխոսությունը՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի վեճերին կայուն լուծումներ գտնելու համար:
Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարն անիրատեսական է, և եթե ներկայիս բացասական միտումները չվերացվեն, Անկարայի հետ բանակցությունները պետք է պաշտոնապես կասեցվեն:
Եվրախորհրդարանը հիշեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգտագործելու իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները, կառույցի և անդամ պետությունների շահերի պաշտպանության և տարածաշրջանային կայունության պահպանման համար: