Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունները և Ուկրաինան մեղադրել են միմյանց փոխհրաձգությունների և Դոնբասում հակամարտության սրման համար: Դոնեցկի ոստիկանությունը հայտարարել է շփման գծում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին: Զինվորականների խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակ են բացել բնակավայրերի ուղղությամբ, խախտել հրադադարի ռեժիմը։
Օլեգ Նիկիտին, Դոնեցկի ոստիկանության խոսնակ - Իրավիճակը շփման գծում կտրուկ սրվել է։ Հակառակորդը փորձում է ակտիվ մարտական գործողություններ հրահրել: Ուկրաինական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մարիուպոլի ուղղությամբ հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր:
Ուկրաինական կողմը փոխադարձ մեղադրանքներ է հնչեցնում. հակառակորդը Դոնբասի մի քանի բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, հարվածել Ստանիցա Լուգանսկայայի շրջանի մանկապարտեզի շենքին։ Նախագահ Զելենսկին մանկապարտեզի գնդակոծումը սադրանք է որակել, շեշտել հրադադարի ռեժիմի բոլոր խախտումներն արձանագրելու արդյունավետ մեխանիզմ գտնելու անհրաժեշտությունը:
Ուկրաինայի սահմանին վիճակը տագնապալի է, Կիևն սկսել է սադրանքները՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Ըստ Դմիտրի Պեսկովի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում լարվածությունն աճում է, որը կարող է ամեն րոպե վերածվել պատերազմի:
Վաշինգտոնը նույնպես լավատես չէ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ «Իմ կարծիքով դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում»:
ՆԱՏՕ-ից արձագանքել են սահմանի լարվածությանը՝ վիճակը մտահոգություն է առաջացնում, Դոնբասում հրադադարի խախտման դեպքերը գնալով աճում են:
Ենս Ստոլտենբերգ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար - Նրանք ունեն բավականաչափ զորքեր և հնարավորություններ՝ շատ կարճ ժամանակում Ուկրաինա ներխուժում սկսելու համար:
Դեէսկալացիայի հնարավորություն դեռ կա՝ հայտարարել է Մոսկվան, մատնացույց արել իլարվածության թուլացման ճանապարհը՝ իր պահանջները շարադրելով ԱՄՆ անվտանգության երաշխիքների պատասխանին արձագանքող նամակում: Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի համար սկզբունքորեն կարևոր է, որ Կիևը կատարի Մինսկի պայմանավորվածությունները, և դադարեցվի զենքի մատակարարումն Ուկրաինա՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: