ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2021 թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացու փողոցում գործող սրճարանի դիմաց քաղաքի 19-ամյա բնակիչը խոսակցություն է ունեցել համաքաղաքացու հետ, որի ընթացքում հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ միջամտել է մեկ այլ համաքաղաքացի:
19-ամյա երիտասարդը, խուլիգանական դրդումներով իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խոսակցությանը միջամտած համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր օրգաններին` դեմքի, կրծքավանդակի, որովայնի և մարմնի այլ մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, համաքաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: