Անպտղության հաղթահարման ծրագրով շատ ընտանիքներ արդեն վայելում են երեխա ունենալու բերկրանքը։ 2019-ից մեր երկրում անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման, արտամարմնային բեղմնավորման ծառայությունները զույգերից շատերի համար իրականացվում են անվճար։
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Կարող եմ ասել, որ մեր ծրագիրը արդեն ունի որոշակի հաջողություններ: Արտամարմնային բեղմնավորման ծառայությունների իրականացման համար բավականին երկարատև պրոցես է և անհրաժեշտ է առնվազն 1-1.5 տարի, որից հետո կարող ենք արդեն մենք խոսել որոշակի արդյունքների մասին:
2019-20 թվականներին անպտղության հաղթահարման ծրագրով գրանցվել է 63 հղիություն, ծնվել է 43 երեխա, 2021-ին՝ 214 հղիություն, 76 երեխա: Այս տարվա հունվարին արդեն իսկ գրանցվել է 8 հղիություն և 5 ծնունդ:
Էդուարդ Համբարձումյան (գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր) - Անպտղությունը Հայաստանում բավականին բարձր տոկոս է կազմում՝ 15 տոկոս, այսինքն՝ ամեն 7-րդ ընտանիքը Հայաստանում ունի խնդիր երեխա ունենալու: 2-3 տարի է՝ պետական ծրագրեր ունենք, որոնք շատ մեծ օգնություն են տալիս այն անզավակ ընտանիքներին, որոնք օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կարիք ունեն, բայց ֆինանսական գումար չունեն, որ դիմեն, ստանան այդ օգնությունը:
Բժիշկն ընդգծում է՝ ծրագիրը բարձր ցուցանիշներ է արձանագրել. շահառուների մեծ մասին հաջողվում է հղիանալ:
Ծրագրի շահառու կարող են դառնալ՝ զույգերը, որոնցից մեկն ունի հաշմանդամություն կամ զինծառայող է, նրան հավասարեցված անձ, եթե անապահովության 28 և ավելի միավոր ունեցող ընտանիք է, զոհված զինծառայողի ծնող կամ սահմանամերձ 186 համայնքներից մեկի բնակիչ։
Զոհված զինծառայողների ծնողների դեպքում կարող են շահառու դառնալ մինչև 42 տարեկան կանայք, մյուս դեպքերում՝ մինչև 36 տարեկան կանայք։ Նախորդ տարվանից այս ծրագրի շահառու են նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները։
Նունե Փաշայան - Տարիքային սահմանափակում, անզավակության պայման, զագսում գրանցված լինելու պայման՝ իրենց համար սահմանափակումներ չկան: Նրանք օգտվում են ծրագրից, հաջողություններ ունենք արձանագրած:
2021-ին այս ծրագրով 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում գրանցվել է 26 հղիություն, 2022-ի հունվարի դրությամբ արդեն ծնվել է 3 երեխա։ Արմինեի դուստրն էլ մի քանի ամսից լույս աշխարհ կգա, հղիության 16-րդ շաբաթում է:
Վարդաձոր գյուղում բնակվող ընտանիքի 19-ամյա որդին 44-օրյա պատերազմում է զոհվել։ Ընտանիքի երրորդ երեխան էր։
Նորից զավակ ունենալու որոշումը բարդ էր, բայց փոխեց իրենց կյանքը։
Արմինե Մանուկյան - Լույս ես զգում, մի հատ ցանկություն ես զգում ապրելու, պարտականություն ես զգում, որ քո մեջ նոր կյանք կա, պետք է ապրես, որ կյանքն էլ քո հետ ապրի։
Անպտղության հաղթահարման ծրագրում ընդգրկված չեն դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը: Այս տարվանից միայն մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողների համար այդ ծախսը կփոխհատուցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Պետպատվերի շրջանակում հնարավոր է օգտվել 5 բուժկենտրոններից։
Նունե Փաշայան - Ծրագրի շրջանակներում հատկացվող գումարը տարեցտարի ավելացել է. եթե 2020 թվականին հատկացվել և ծրագրի վրա ծախսվել էր շուրջ 300 միլիոն դրամ, ապա 2021-ին ծախսվել է շուրջ 500 միլիոն դրամ: Այս տարի ծրագրի համար հատկացված գումարը բավականին մեծ է՝ շուրջ 900 մլն դրամ։
Նախատեսվում է ծրագրի միջանկյալ գնահատում իրականացնել, անհրաժեշտության դեպքում հետագայում ևս ընդլայնել շահառուների թիվը: