Բավական տարօրինակ է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշել է սադրիչ և անօրինական գործողությունների շարք սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության՝ Հունաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ անդրադառնալով Աթենքի և Անկարայի հարաբերություններին:
«Թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիների նկատմամբ, բացարձակապես անընդունելի են։ Դրանք անընդունելի են ոչ միայն մեզ համար: Դրանք մերժվել են Եվրամիության, ԱՄՆ պետքարտուղարության, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և այլ երկրների կողմից»,- ընդգծել է Դենդիասը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Աթենքը մշտապես ձգտում է Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային ծովային իրավունքի վրա: