Հավանություն է տրվել 2021 թ. մայիսի 14-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը:
Կանոնավոր չվերթերի իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի՝ դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ աշխատանքի էլեկտրոնային բորսայի նախագծումը, մշակումը և ներդրումը կապահովի հետևյալ հիմնական արդյունքները՝ առցանց ծառայությունների մատուցում ՀՀ քաղաքացիներին և գործատուներին՝ անհատական կաբինետի համապարփակ գործիքակազմի ապահովմամբ, հանրության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում, բիզնես-գործընթացների թափանցիկության, արդյունավետության և հասցեականության բարձրացում, հաշվետվողականության հնարավորությունների ընդլայնում՝ վերլուծությունների և վիճակագրական նյութերի ձևավորման մոդուլի կիրառմամբ և այլն: