Այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար:
«Մրցույթի իմաստը հետևյալն է, որ մենք առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, որոնք կարող են և հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար: Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է: Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կոնտեքստում Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է և դարձել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ:
«Հույս ունենք, որ մեծ տեմպերով կիրականացնենք այս նախագիծը: Սա նշանակում է, որ Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագծի կամ, եթե կարճ ասենք՝ Հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Հայաստանից դեպի Իրան, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան, հետագայում նաև՝ Նախիջևան-Թուրքիա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ կլինի շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը:
Վարչապետը հիշեցրեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար:
«Տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք: Առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի»,- ասաց Փաշինյանը: