2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից հատկացվեց ֆինանսական աջակցության՝ 77 մլն 768 հազար դրամի չափով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջնության ընթացքում ակնկալվում է ավելի քան 40 երկրից շուրջ 280 մարզիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն:
«Անհրաժեշտ 77 մլն 768 հազար դրամ գումարը կտրամադրվի ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում»,- ասաց Դումանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գումար է հատկացվում նաև մարզահամերգային համալիրին:
«Ուզում եմ հիշեցնել, որ մարզահամերգային համալիրում մենք այս տարի ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում ունենք, խոսքը «Մանկական Եվրատեսիլի» մասին է: Ուզում եմ էկոնոմիկայի նախարարության և տուրիզմի ոլորտի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այս միջոցառումների վրա, որոնք, կարծում եմ՝ լավ առիթ են նաև, որ մեր տուրիստական ոլորտի ընկերությունները հետքովիդյան շրջանում ակտիվանան, և մենք տուրիստական հոսքերը վերականգնենք: Այս իրադարձությունները, կարծում եմ՝ կարևոր են այս առիթով»,- ասաց Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշված միջոցառումներին ավելացրեց Հայաստանում անցկացվելիք երկու կարևոր միջոցառում՝ ՄԱԿ-ի World tourism organization-ի տարեկան համաժողովը և Starmus միջազգային աստղագիտական համաժողովը:
Քերոբյանը նշեց, որ ՄԱԿ-ի World tourism organization-ը պետք է անցկացվի հունիսի 1-3-ը: «Մենք փորձելու ենք միջոցառումը Գյումրիի Սև բերդում անցկացնել»,- նշեց նա:
Սեպտեմբերին սպասվող Starmus միջազգային աստղագիտական համաժողովը նույնպես խոշորագույն միջոցառում է, որին մասնակցելու է մոտ 6 Նոբելյան մրցանակակիր:
«Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստան գա հայ Նոբելյան մրցանակակիրը: Այս ամենը զբոսաշրջային և ոչ միայն զբոսաշրջային ակտիվություն կմտցնի մեր տնտեսական կյանքում»,- նշեց նախարարը:
Դումանյանն ավելացրեց, որ կենսաբանություն առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադան նույնպես այս տարի տեղի կունենա Երևանում: