Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՕ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Դրանք առնչվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Դատախազության, քննչական մարմինների, Ազգային ժողովի գործունեությանն ու առանձին գործառույթների իրականացմանը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշել, որ պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն, դատական ոլորտներում, առանցքային նշանակություն ունեն: Փաշինյանը շեշտել է, որ այդ բարեփոխումների արդյունքում պետք է հանրության շրջանում էապես մեծանա դատական վճիռների նկատմամբ վստահությունը:
Խորհրդին է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: Ստուգվել և վերլուծվել է 210-ից ավելի պաշտոնատար անձի հայտարարագիր, որից 139-ը եղել են դատավորներ: Հավելյալ ստուգվել են նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Հարուցվել են ինչպես կարգապահական վարույթներ, այնպես էլ որոշ գործեր ուղարկվել են Դատախազություն:
Նախորդ տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է անհամատեղելիության պահանջների և շահերի բախման 45 դեպք: Վերոնշյալ հիմքով հարուցվել է 3 վարույթ: Իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 103 անձի բարեվարքության ուսումնասիրություն, տրվել են համապատասխան եզրակացություններ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը խորհրդի կողմից գնահատվել է դրական: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, այդ թվում՝ թվայնացման միջոցով դրանք կատարելագործելու կարևորությունը: