Փետրվարի 13-ին ՀՀ մի շարք բնակավայրում, այդ թվում նաև Վանաձոր համայնքում գրանցված ուժգին երկրաշարժից հետո շուրջ 40 ահազանգ է հնչել բնակիչների կողմից՝ հատկապես վթարային շենքերում ավելացած ճաքերի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ՝ հայտնում են Լոռու մարզպետարանից:
Լոռու մարզպետի հանձնարարությամբ երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Լևոն Հախինյանը, Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Լոռու մարզի սեյսմիկ ծառայության փորձագետ Ռազմիկ Աթաբեկյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ այսօր ահազանգերի հետքերով շրջայց կատարեցին Վանաձորի Բազում թաղամասի մի շարք վթարային շենքերում, տեղում ծանոթացան երկրաշարժի հետևանքով ծագած խնդիրներին, զրուցեցին բնակիչների հետ։
Աշխատանքային խումբը կշարունակի շրջայցերը նաև առաջիկա օրերին՝ արձանագրելով բոլոր խնդիրները։
Արդյունքներն ամփոփելուց հետո դրանք կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին։
Նմանատիպ ուսումնասիրություններ, ըստ ահազանգերի, կկատարվեն նաև մարզի այլ համայնքներում։