Նոր հնարավորություններ ռուսական շուկայում հայկական արտադրանքի իրացման համար: Այս տարվա երկրորդ եռամսյակի վերջում Մոսկվայում տեղի կունենա 267 հազար ք. մ տարածքով խոշոր առևտրային կենտրոնի պաշտոնական բացումը: Այն ունենալու է մոտ 1800 խանութ ու տաղավար, որոնք վաճառելու են սննդամթերք, հագուստ ու շինանյութ՝ առաջնահերթությունը տալով հայկական արտադրանքին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախարարությունը պատրաստ է օժանդակել, որ կենտրոնը լինի պահանջված ու հաջողված: Նախարարը կարևոր է համարել նման ենթակառուցվածքների առկայությունը նաև այլ երկրներում։
«Գիտեք, թե 2 տարի առաջ ինչ մեծ խնդիրներ առաջացան ռուսական շուկայում այն պատճառով, որ մենք չունեինք նման ենթակառուցվածք և ստիպված օգտվում էինք ադրբեջանական նմանատիպ ենթակառուցվածքից, հիմա շատ ավելի անկաշկանդ, շատ ավելի անկախ կկարողանանք աշխատել մեր արտահանման ամենամեծ շուկայում: Ռուսաստանը մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է և այդ երկրում ունենալ զարգացած ենթակառուցվածք՝ մեր առաջնահերթություն է»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան