Տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Լավրովը և Բայրամովն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացումներին։
*****
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վրա՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր լոգիստիկ և տրանսպորտային հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։ Կայունությունն օգտակար կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,- նշել է դիվանագետը։ Լիցենբերգերի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու կայունության հաստատմանը։ ԱՄՆ դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանում «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքի ընդունմանը․ «Օրինագծի մշակման ընթացքում հաշվի չեն առնվել շահագրգիռ կողմերի կարծիքները և փորձագետների առաջարկությունները։ Մենք արտահայտել ենք մեր մտահոգությունն այս հարցի կապակցությամբ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նոր օրինագիծը հիասթափեցնող է:
*****
Ուկրաինան արևմտյան գործընկերներից ստացել է ավելի քան 2000 տոննա զենք ու զինամթերք։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։ «Մենք ամեն օր զգում ենք մեր միջազգային գործընկերների ավելացող աջակցությունը»,- նշել է նա։ Նախարարի խոսքով՝ շուտով Ուկրաինայում կստեղծվի թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Կիևին զենքի մատակարարումներին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորավարժությունների անցկացման պատճառն ԱՄՆ-ից Ուկրաինա սպառազինության մեծածավալ մատակարարումն է։ «2022 թվականի սկզբից ի վեր Ուկրաինայում վայրէջք է կատարել ավելի քան 40 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Իսկ 2014 թվականից սկսած՝ ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն»,- հավելել է նա։ Խոսելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման մասին Արևմուտքից հնչող հայտարարություններից՝ Զախարովան նշել է, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ ոչ միայն ենթադրյալ ագրեսոր երկիրը՝ Ռուսաստանը, այլև ենթադրյալ զոհ երկիրը՝ Ուկրաինան, հերքել են հնարավոր հարձակման մասին տեղեկությունները։
*****
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված՝ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է փետրվարի 19-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը։ «ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը կնախագահի նախարարների հանդիպումը։ Կողմերը կքննարկեն գործողությունների համակարգման տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ առաջացած ճգնաժամի ֆոնին»,- ասել է նա։ Պաշտոնյան նշել է նաև, որ Բերբոքը նախատեսում է քննարկումներ անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
*****
Մարտին նախատեսված է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Նախքան Թուրքիա մեկնելը Հերցոգը կայցելի Հունաստան և Կիպրոս։ «Այս այցելությունները ցույց կտան Աթենքին և Նիկոսիային, որ Անկարայի հետ մերձեցումը տեղի չի ունենա այն սերտ կապերի հաշվին, որոնք Իսրայելը զարգացրել է Հունաստանի և Կիպրոսի հետ»,- ասված է The Jerusalem Post պարբերականի հրապարակման մեջ։ Հերցոգի այցն Անկարա կլինի վերջին 15 տարվա ընթացքում իսրայելական առաջնորդի առաջին այցը Թուրքիա։