Բազմաթիվ ծառայություններ՝ մեկ վայրում, և բնակիչներն անհրաժեշտություն չեն ունենա մի գերատեսչությունից մյուսը գնալ, եթե գործ ունեն դրանցից մի քանիսի հետ: Վաղը՝ փետրվարի 17-ին, կբացվի չորրորդ այդպիսի քաղաքացիական կենտրոնը: Այն կգործի Վանաձորում՝ Տիգրան Մեծի 18 հասցեում:
Անի Մխիթարյան, ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական - Ներկայացված են հետևյալ ծառայությունները. առաջին հերթին՝ դա արդարադատության նախարարության չորս ամենապահանջված ծառայություններն են՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, Ազգային արխիվը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը, ինչպես նաև Հարկադիր կատարման ծառայությունը: Հաջորդը՝ ներկայացված են Կադաստրի կոմիտեն, ՊԵԿ-ը, Սոցիալական ապահովության ծառայությունը, որոշ տեղերում ունենք նաև նոտարական ծառայություններ: Ամենակարևոր և մեծ ծառայությունը, որը գրեթե փոխկապակցված է բոլոր այլ ծառայությունների հետ, Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունն է:
Ավելի վաղ ժամանակակից սպասարկման այդպիսի կենտրոններ են բացվել Երևանում, Իջևանում և Գյումրիում: Իսկ արդեն 2026 թվականին դրանք պետք է գործեն բոլոր մարզերում: Բացի այն, որ նոր մոդելը միտված է քաղաքացու գործը հեշտացնելուն, նաև կոռուպցիոն ռիսկերի դեմ է ուղղված, երբ դիմում ընդունող ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրող ծառայողները պետք է բացարձակ անկախ ու տարանջատված լինեն որոշում կայացնողներից:
Անի Մխիթարյան - Քաղաքացի-գերատեսչություն-որոշում կայացնող որևէ հարաբերություն չի լինելու:
Քաղաքացիական կենտրոններում այս պահին ներկայացված է 110 ծառայություն: Ծրագրվում է հետագայում լրացնել ցանկը:
Անի Մխիթարյան - Մենք նաև այս ոլորտում համագործակցում ենք «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ, որն իր ենթակառուցվածքով գրեթե ամենատարածվածն է ՀՀ տարածքում, ունի մոտավորապես 850, եթե չեմ սխալվում, տարածքային բաժանմունք, որոնց միջոցով մենք կկարողանանք ամբողջությամբ ապահովել հասանելիությունը բոլոր բնակավայրերի համար:
Երևանում գործող կենտրոնում նորամուծության մասին միայն դրական կարծիքներ լսեցինք:
Կարո Ասատրյան - Իհարկե, ավելի շատ էլեկտրոնային տարբերակից եմ օգտվում, բայց երբեմն տեղեկանքներ են անհրաժեշտ, որ պետք է անձամբ թղթային տարբերակով ստանանք, հետևաբար նման հարթակներ ունենալը շատ կարևոր է ու շատ հարմարավետ:
Փաստաբան Ասատրյանն ասում է՝ այլ պատուհաններին մոտենալու անհրաժեշտություն չի ունեցել և գործն ավարտել է մոտ 10 րոպեում, մանավանդ որ հերթագրվել էր բջջային հավելվածի միջոցով:
Էմմա Մնացականյան - Շատ հարմար է, քանի որ կենտրոնացված է: Իրավաբանական ծառայություններ ենք մատուցում, մեր գրասենյակը նույնպես գտնվում է կենտրոնում, ուստի շատ հարմար է միանգամից մի քանի գործարք իրականացնելը:
Նրա խոսքով՝ այստեղ գործարքներն իրականացնելու համար իրենից 40 րոպե է պահանջվում, նախկինում դա խլում էր 1-1.5 ժամ: Բայց եթե բջջային հավելվածով հերթագրվածները կամ մի քանի գործարք անողներն ընդգծում են ժամանակի խնայողությունը, միայն մեկ գործով եկածները, ինչպես մեր զրույցում նշեց Երևանյան կենտրոնի քաղաքացիների բաժնի պետը, դժգոհում են, որ երկար են սպասում: Լեյլա Խեչումյանը նկատեց՝ այս կենտրոնն ավելի հարմար է այն մարդկանց համար, որոնք մի քանի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն ունեն:
Լեյլա Խեչումյան, Երևանի քաղաքացիական կենտրոնի քաղաքացիների սպասարկման բաժնի պետ - Եթե իրենք մի քանի գործառույթ պետք է կատարեն, միանշանակ, այստեղ շատ հարմար է: Եթե իրենք գալիս են մեկ պատուհանի համար, կարող են նաև մոտենալ տարածքային սպասարկման կենտրոններ:
Խեչումյանի խոսքով՝ կենտրոնում օրական սպասարկվում է միջինը 200 մարդ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան