Մալայզիայի կառավարության կանանց հարցերով կին փոխնախարար, պանմալայզիական իսլամական կուսակցության քաղաքային պատգամավոր Զաիլա Մոհդ Յուսոֆին մեղադրել են ընտանեկան բռնություն քարոզելու համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Իր Instagram-ի «Խորհուրդներ մայրերին» բաժնում պաշտոնյան տղամարդկանց առաջարկել է «համառ» կանանց նախ կարգի հրավիրել զրուցելով նրանց հետ, եթե դա չի օգնում, երեք օր քնել նրանցից առանձին։ Իսկ եթե այդ միջոցն էլ չօգնի, ապա, փոխնախարարի համոզմամբ, տղամարդիկ կարող են ուժ կիրառել՝ թեթև հարվածներ հասցնելով կնոջը՝ ցույց տալու իրենց խստությունը և կնոջը փոխելու մեծ ցանկությունը:
Խորհուրդն առաջացրել է Կանանց իրավունքների պաշտպանների վրդովմունքը: Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջել են փոխնախարարի պաշտոնանկությունը: «Փոխնախարարը պետք է հեռանա ընտանեկան բռնություն քարոզելու համար, որը հանցագործություն է համարվում Մալայզիայում»,- ասված է իրավապաշտպանների համատեղ հայտարարության մեջ: