Միգրացիոն ծառայության և ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության հենքի վրա կստեղծվի Ներքին գործերի նախարարություն: Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագիրը: Նպատակը Հայաստանում միգրացիայի և ապաստանի համակարգեր զարգացնելն է: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը 3 կարևոր բաղադրիչ առանձնացրեց: Առաջինը ապակենտրոնացված միգրացիոն համակարգի վերացումն է:
Արմեն Ղազարյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ) - Խնդիրներ առաջանում են, երբ տվյալների շտեմարաններն իրարից անջատ են, ու անձը միևնույն տվյալը հաստատելու համար մի քանի գերատեսչության հետ է առնչվել, սա բացառվելու է:
Երկրորդ խնդիրը, որ առանձնացնում է Ղազարյանը, աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումներն են, որին հաջորդում է թվայնացման հարցը:
Արմեն Ղազարյան - Հիմնականը ծրագրի թվայնացման աջակցությունն է, որովհետև ներկայումս միգրացիայի ոլորտում արդյունավետ կառավարումն առանց թվայնացման գործիքների պատկերացնելը պրակտիկորեն անհնարին է, իսկ ապականետրոնացվածությունը հաշվի առնելով՝ ունենք իրարից անջատ տվյալների շտեմարաններ, որոնք փոխգործունեություն ու համադրումը շատ կարևոր նշանակություն ունի:
Ոստիկանության պետի տեղակալը, ծրագիրը միգրացիոն ոլորտի բարելավման ուղղված քայլ որակելով, անդրադառնում է նաև դրա բաղադրիչ կազմող կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ ) - Նախատեսում ենք ունենալ ոչ թե այնպիսի փաստաթուղթ, որը զուտ ճամփորդության համար նախատեսված՝ անձը հատատող փաստթուղթ կլինի, այլ անձի նույնականացման համակարգ, որն օգտագործելի կլինի նաև տնտեսության, բանկային, ֆինանսական համակարգում:
Ծրագրին աջակցում են Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Սիլյա Կասման (Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավարի տեղակալ) - Այս նախագծին աջակցելու է Եվրամիությունն իր փորձով, որ նույն սխալներն այստեղ չկրկնվեն: Մեր նպատակը բարեփոխումների լավագույն արդյունք ունենալն է:
Իլոնա Տեր-Մինասյան (ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար) - Մեր երկրում միգրացիայի կառավարումն ընկալվել է միայն արտագաղթի, աշխատանքային միգրացիայի կառավարում, կամ այլ երկներից հայերի վերադարձի ու վերաինտեգրման կառավարում: ՀՀ-ն գրավիչ երկիր է, ու մենք հիմա կարևորում ենք նաև ներգաղթի կառավարումը:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը. արժեքը 1 մլն եվրո է: Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը դեռևս քննարկվում է Կառավարությունում, վերջնական շտկումներից հետո կուղարկվի խորհրդարան:
Հեղինակ՝ Անի Օհանյան