8 երկրի ավելի քան 30 ինժեներ Հայաստանում մասնակցում է CodeSignal ընկերության համաեվրոպական հավաքին: Ararat Meetup անվանումը կրող հավաքի ընթացքում Եվրոպայի տարբեր քաղաքներում հեռավար աշխատող ինժեներները երևանյան գրասենյակում միասին քննարկում և լուծում են ստրատեգիական մի շարք խնդիրներ։
CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծել է գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ, որն օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ՝ տեխնիկական աշխատանքի ընդունվելու համար։ Սա ռեզյումեի մի տեսակ է, որը կարևորում է ոչ թե համալսարանական դիպլոմը, այլ մասնագիտական գիտելիքը:
2021 թ. CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Տաղանդավոր մասնագետներ փնտրելիս Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ արդեն օգտվում են CodeSignal պլատֆորմից:
Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Մոնտենեգրոյից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Իսպանիայից ժամանած մասնագետները Հայաստանում կմնան մեկ շաբաթ։ Երևանի թիմում այս պահին մոտավորապես 30 աշխատող կա, հիմա փորձում են կրկնապատկել աշխատակազմը: 12 երկրում ընկերությունն ունի 90 աշխատող։ Թիմի մեծ մասն ամբողջությամբ հեռավար է աշխատում, ինչը հաճախ խոչընդոտում է աշխատակիցների անմիջական շփումները՝ ասում են ընկերությունում։
Երեք օրում արդեն կայացել են բազմաթիվ գործնական հանդիպումներ, թիմակիցները միասին կարողացել են լուծել բազմաթիվ խնդիրներ: Հավաքի ընթացքում թիմը նաև բացահայտում է Հայաստանի պատմամշակութային հարստությունները: CodeSignal Ararat Meetup-ի ամփոփումը կլինի Դիլիջանում: