Մելանյա Խաչատրյան (ՀՀ ԿԸՀ վերահսկիչ, վերստուգիչ ծառայության աշխատակից) - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ենք հանձնել կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ 3 տարվա կտրվածքով:
2022-ից կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ վերահսկիչ, վերստուգիչ ծառայության լիազորությունն այսուհետև կլինի միայն նախընտրական քարոզչության ֆինանսական վերահսկողությունը:
Տիգրան Բաբիկյան (ՀՀ ԿԸՀ վերահսկիչ, վերստուգիչ ծառայության ղեկավար) - Հանձնման, ընդունման փաթեթն է, որ փոխանցվել է կոռուպցիայի կանխարգելման հնաձնաժողովին:
Կուսակցությունների հաշվետվությունների վերահսկողությունը 2011-ից իրականացնում էր ԿԸՀ-ն, դրանից առաջ՝ Արդարադատության նախարարությունը: ԿԸՀ վերահսկողությունը փաստաթղթային էր, նոր գործիքակազմն ավելի մանրամասն ուսումնասիրության հնարավորություն կտա:
Տիգրան Բաբիկյան - Ավելի շատ մանրամասներ կարող են ներառվել արդեն հաշվետվության մեջ, ավելի մանրամասն կլինի հաշվետվությունը, քանի որ և՛ գործիքակազմն է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուրիշ, ընդլայնված, և՛ կուսակցությունների առջև են ավելի շատ պարտականություններ դրված:
Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամներն այսուհետև հայտարարագիր կներկայացնեն: Քաղաքական ուժերի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի համար մշակվել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, դիտողությունների, առաջարկների համար կտրամադրվի կուսակցություններին: Նախկինում 10, հիմա՝ կուսակցության մուտքի, ելքի գումարը 25 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հաշվետվությունները կենթարկվեն պարտադիր աուդիտի:
Արամայիս Փաշինյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ) - Հանձնաժողովը բաց մրցույթի արդյունքում ընտրելու է յուրաքանչյուր կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունները աուդիտ իրականացնող ընկերությանը, որի արդյունքում իրականացվելու է այդ հաշվետվությունների աուդիտը, որը դրանից հետո ստուգման և վերլուծման գործառույթն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Աուդիտորական ծառայությունների գումարը տրամադրվելու է պետբյուջեից, որը հետագայում նվազեցվելու է տվյալ կուսակցությանը տրվող պետական ֆինանսավորման գումարից: Գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 115 է: «Քաղաքացու որոշումը» գործում է 2018-ից, երկու անգամ ներկայացրել են հաշվետվություն:
Գոռ Հակոբյան («Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար) - Մեծ հաշվով մեզ համար մեծ բան չի փոխվել, որովհետև նույն ձև հաշվետվություն ներկայացվել է պատկան մարմնին, և դա հրապարակվում է: Կարծում եմ՝ լավ կստացվի, մենք կուզեինք կուսակցական համակարգի արմատական բարեփոխումներ արվեն: Մեկնարկային հավասար հնարավորություն ունենան կուսակցությունները:
Արամայիս Փաշինյան - Մեծ մասի դեպքում արդեն ունենք այդ կոնտակտային տվյալները: Մյուս կուսակցություններին առիթից օգտվելով առաջարկում եմ կոնտակտային տվյալները թողնել, որպեսզի առաջիկայում մենք ֆինանսական հաշվետվությունների համար անհրաժեշտ նախնական տեղեկատվության հավաքման պրոցես ենք իրականացնելու, նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման նպատակով հանրային քննարկում ենք իրականացնելու շահագրգիռ կողմերի հետ:
Աուդիտի ընտրության և տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժակետը մարտի 31-ն է, նախատեսվում է այն երկարաձգել 3 ամսով: