Կիևում կայացել է հայ-ուկրաինական գործարար խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ստորագրվել է դրա ստեղծման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Խորհրդի ստեղծումը նախաձեռնել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Ուկրաինայի արդյունաբերողների ու ձեռներեցների միությունը՝ երկու երկրների դեսպանությունների ակտիվ աջակցությամբ։
Ողջույնի խոսքով են հանդես եկել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն ու УСПП-ի նախագահ Անատոլի Կինախը։
Գործարար խորհուրդը կնպաստի երկրների տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը, մասնավոր և ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացմանը։ Համաձայնագիրը շուտով կհամալրվի նաև 2022 թվականի առաջնահերթությունների և համատեղ գործունեության ցանկով։
Ի թիվս այլ հարցերի, դիտարկվում է 2022 թվականի հունիսին Երևանում կայանալիք գործարար համաժողովին ուկրաինական պատվիրակության մասնակցության հեռանկարը։