«Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես»,- Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնել են Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին:
Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։
«Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,- ընդգծել է Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։
Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր։