Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն հստակեցնում է 2020 թվականի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների իրավական կարգավիճակը և դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը:
Արթուր Մոսիյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Արցախի Հանրապետությունը, ըստ Արցախի Սահմանադրության, ինքնիշխան և անկախ պետություն է: Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը տարածվում է իր ամբողջ տարածքի վրա, որի շրջանակում Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ձևավորել և զարգացրել է պետականություն:
Այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ Արցախի տարածքում մնալն առանց Արցախի կամավոր համաձայնության միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի և միջազգային սովորութային իրավունքի նորմերի խախտումով, ինչպես նաև հակառակ 1994 թվականի մայիսի 12-ի՝ ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների մասին համաձայնագրի և 1995 թվականի փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի, ինքնիշխան պետության տարածքի ապօրինի ռազմական բռնազավթում, օկուպացիա է: