ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է նորարարական գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակման ոլորտներում մարզի ներուժը, անդրադարձել աղբի վերամշակման ներդրումային ծրագրի իրագործման հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու կողմերի միջև կայուն փոխգործակցության հաստատմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ դեսպանությունը պատրաստ է քննարկելու համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները, նպաստելու դրանց իրագործմանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև վարչական միավորների միջև առկա հարաբերությունները զարգացնելուն և նոր կապեր հաստատելուն վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել նախանշված ոլորտներում համատեղ ձեռնակների հեռանկարների շուրջ։
Դեսպանի ընդունելությանը նախորդել է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետարանի անմիջական աջակցությամբ «Վաղ ամուսնությունների կանխարգելումը որոշում կայացնողների և եզդիական համայնքի համագործակցության միջոցով» 2022-26 թվականների այլընտրանքային ռազմավարության վերաբերյալ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությունը: