Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու՝ սխալմամբ վտարումն Ադրբեջանի Հանրապետություն:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը ՌԴ տարածքում կատարել էր վարչական իրավախախտում, դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ նրան վարչական պատասխանատվության և ՌԴ տարածքից վարչական վտարման ենթարկելու մասին:
Վարչական պատասխանատվության և վարչական վտարման ենթարկելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման ներածական մասում անձի տվյալները շարադրելիս դատարանը թյուրիմացաբար նշել էր, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, որպիսի պայմաններում առկա էր նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ:
Չնայած վտարման գործընթացի հետ ՀՀ դատախազության լիազորությունների որևէ առնչության բացակայության հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել գործընթացի կասեցման ուղղությամբ՝ խնդրի լուծմանը ներգրավելով ՌԴ գլխավոր դատախազությանն ու ՀՀ պետական լիազոր մարմիններին:
ՌԴ գլխավոր դատախազության աջակցությամբ, խնդիրը ներկայացվել է վերոհիշյալ որոշումը կայացրած դատարանի ուշադրությանը, որը սեղմ ժամկետում համապատասխան լրացուցիչ որոշմամբ փոփոխել է իր որոշման մեջ տեղ գտած անճշտությունը, և անձը վերադարձվել է Հայաստան: