Բերդ համայնքում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հողօգտագործման պահանջների մոտ 20 խախտում է հայտնաբերել: 2020-ից այս կողմ հայտարարված աճուրդների փաթեթում համայնքապետարանը չի ներառել ճարտարապետահատակագծային առաջադրանք, ինչը հողային օրենսգրքի և Կառավարության որոշման մի քանի կետի խախտում է:
Տեսչականի աշխատակիցները ուսումնասիրել և պարզել են, որ համայնքի ղեկավարը որոշ դեպքերում անգործություն է դրսևորել:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Մասնավորապես, մի քանի դրվագով քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող՝ «արոտ» գործառնական նշանակության կամ «բնակելի» գործառնական նշանակության հողամասերի վրա կառուցվել են հասարակական նշանակության շինություններ, կամ տվյալ շինությունները ենթավարձակալության են հանձնվել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը, որոնք էլ «արոտ» գործառնական նշանակության հողի վրա կառուցել են բջջային կապի աշտարակներ:
Այս դեպքում համայնքի ղեկավարը պետք է վերահսկեր, որ հողերը նպատակային օգտագործվեին, հայտնաբերելու դեպքում էլ կասեցներ: Ըստ տեսչական մարմնի՝ չի կանխվել նաև, երբ քաղաքացին, իրեն պատկանող սեփական հողը, որի մի հատվածը, սակայն, ընդհանուր օգտագործման ճանապարհ էր, ըստ այդմ օտարման ենթակա չէր, անհատույց տրամադրել է մի ընկերության, որն էլ ինքնակամ գազալցակայան է կառուցել այդ հատվածում՝ առանց որևէ թույլտվության:
Ելենա Զոհրաբյան - Մեկ այլ դեպքով համայքնապետը նորից Տավուշի մարզի Բերդ համայնքի գլխավոր հատակագծով սահմանված կանաչապատ գոտին օտարել է քաղաքացուն, և կրկին այդ հողամասի վրա կառուցվել է ավտոսպասարկման կետ, կառուցվել է հասարակական նշանակության այլ օբյեկտ, խանութ: Նորից համայնքի ղեկավարի կողմից ցուցաբերվել է անգործություն, ավելին՝ համայնքի ղեկավարը երկու դեպքով տվել է տեղեկանք, որ այդ հողամասը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից չէ: Դրանք այն հողամասերն են, որևէ պարագայում ո՛չ ֆիզիկական, ո՛չ իրավաբանական անձնաց օտարման ենթակա չէ:
Այս ամենից հետո էլ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացվել է, հասցե տրվել: Մյուս դեպքն էլ Մովսես գյուղում է տեղի ունեցել, Մովսես համայնքի նախկին ղեկավարը գյուղնշանակության հողամասը օտարել է քաղաքացուն՝ ամսական 20 հազար դրամով: Քաղաքացին էլ, իր հերթին, ենթավարձակալության է հանձնել հողամասը «Օրանժ Արմենիա» ընկերությանը՝ ամսական 40 000 դրամով:
Ելենա Զոհրաբյան - Գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս է իրենցի ենթադրում և դրա վարձրավճարը այլ գումարի սահման է, իսկ բջջային կապի օպերատորը իրենից ներկայացնում է հասարակական նշանակության շինություն, և վարձավճարը գրեթե 20 անգամ ավելի է:
Եվ քանի որ խոշորացումից հետո Բերդի համայքնապետը չի կանխել այս խախտումը, սա ևս վերագրվում է իրեն: Մի քանի դեպքով էլ պարզվել է, որ համայնքի ղեկավարը ոչ թե աճուրդով, այլ ուղիղ վաճառք է իրականացրել, կնքված պայմանագրերը չի վավերացրել նոտարական կնիքով:
Հայտնաբերված մոտ 20 խախտման մի մասի դեպքում կիրառվել է 100-400 հազար դրամ տուգանք, 7 դեպքով տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որտեղից էլ գործն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե:
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է 2021-ի դեկտեմբերի 10-ին: Մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար: