Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Զարթոնք բնակավայր: Այցի շրջանակում մարզպետը հանդիպում է ունեցել բնակիչների հետ, հետևել սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի աշխատանքներին, ապա այցելել դպրոց և ծանոթացել պայմաններին:
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ՝ մասնավորապես ընդգծելով, որ մանկապարտեզի կառուցման աշխատանքներին կհաջորդի հարակից տարածքի բարեկարգումը և կահավորումը։
Մարզպետը տեղեկացրել է նաև, որ պետական բյուջեի միջոցներով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հիմնանորոգվելու է Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2 կմ հատվածը: Նա նաև հայտնել է, որ համայնքապետարանի միջոցներով էլ նախատեսվել է երկու խորքային հորի վերականգնում:
Բնակավայրում ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար Էդվարդ Հովհաննիսյանը Զարթոնքի բնակիչներին կոչ է արել բարեխղճորեն վճարել տեղական հարկերը, տուրքերը և վճարները՝ ընդլայնելով համաֆինանսավորման ծրագրերին մասնակցելու հնարավորությունը:
Այնուհետև մարզպետն այցելել է մանկապարտեզի շինհրապարակ, զրուցել շինարարների հետ, ապա շրջել մանկապարտեզում, ծանոթացել արդեն ավարտական փուլին մոտեցող ներքին հարդարման աշխատանքներին:
Նա շինպատասխանատուին հորդորել է, պահպանելով իրականացվող աշխատանքների որակը, դրանք ավարտին հասցնել սահմանված ժամկետում:
Հանդիպման վերջում մարզպետը շրջայց է կատարել Զարթոնքի դպրոցում: