Փող Հայաստանում կա և, պարզվում է, ոչ քիչ։ Չնայած գնաճն ավելացրել է բնակչության ծախսը, խորացրել աղքատության մակարդակը, երկրում անցած տարի նաև խոշոր գումարներ են խնայվել, ավանդ դրվել: Ապացույցը բանկերի 2021 թվականի վիճակագրությունն է։
Սեյրան Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն) - Ավանդներն ավելացել են 8,5 տոկոսվ կամ 316 մլրդ դրամով՝ հատել 4 տրիլիոնի շեմը:
Բանկերում նաև ավելացել են հաճախորդներն ու նրանց բացած հաշիվները, թողարկված քարտերի քանակն է աճել։ Մեծացել է բանկոմատով, պոս-տերմինալով ու ինտերնետում կատարվող ֆինանսական գործարքների քանակը։ Բնակչությունը, կարծես, սովորում է քարտով գնում-վճարում անելուն՝ համակարգի ցուցանիշներն են ներկայացնում Բանկերի միությունում։
Արման Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ) - Պատմական, վերջին 12 տարվա մեծ աճ ենք ունեցել՝ 84 տոկոս քանակական առումով, և ծավալայինը չի զիջել՝ ունեցել ենք 56 տոկոսի աճ:
Արտասահմանից Հայաստան փոխանցումների համար նույնպես՝ նախորդ տարին ռեկորդային է եղել․ 2015 թվականից հետո առաջին անգամ ֆիզիկական անձանց ստացած տրանսֆերտների չափը գերազանցել են 2,1 մլրդ դոլարը։ Մեր հայրենակիցներին ամենաշատը գումար են ուղարկել Ռուսաստանում ու ԱՄՆ-ում ապրող հարազատները կամ արտագնա աշխատանքի մեկնած բարեկամը։ Ֆինանսական այդ աջակցությունը, հնարավոր է, շատ ընտանիքներում սպասված լիներ, քանի որ մարդկանց մի մասը պատերազմից հետո, նաև քովիդի պատճառով, դարձել է ոչ վճարունակ, սոցիալական այս կամ այն խնդիրը հաղթահարելու համար դժվարանում է սպառողական վարկ վերցնել։
Սեյրան Սարգսյան - Սպառողական վարկի չափը մեր պորտֆելում 23 տոկոս է, նախորդ տարի 11,2 տոկոս նվազել է: Պատճառը նույնն է, ինչ տնտեսության մյուս ճյուղերում:
Տնտեսության դեպքում վճարունակ պահանջարկի կրճատումը նվազեցրել է արդյունաբերական ճյուղի, նաև՝ կապ-տրանսպորտի, սպասարկման ոլորտի, անգամ առևտրի վարկավորման ծավալը։ Բանկերն ավելացրել են միայն շինարարական ու գյուղատնտեսական բիզնեսին տրվող փողերը, կառուցապատման ակտիվացումը վարկերի ամենամեծ՝ 36-տոկոսանոց աճի է հանգեցրել հիփոթեքի դեպքում։ Դրանով հանդերձ՝ վարկային ընդհանուր ներդրումները երկրում՝ 2021-ին 20 թվականի համեմատ 5 տոկոսով կրճատված են։ Սեյրան Սարգսյանը, ի դեպ, համաձայն չէ տեսակետին, թե բանկերը տնտեսության ռիսկերից խուսափելով նախընտրում են փողերը ներդնել շատ ավելի ապահով պետական պարտատոմսերի շուկայում։
Սեյրան Սարգսյան - Ամբողջ վարկային պահանջարկը բավարարվել է, և ազատ փողերն են գնացել էնտեղ, ու նաև գործունեության տեսակետից վարկավորման եկամուտն ավելի բարձր է, քան պարտատոմսերում ներդրումը, դրա համար ավելի շատ դրանով են շահագրգռված:
Դատելով վերջին եռամսյակի տվյալներից՝ վարկավորման ծավալները երկրում վերականգնվելու տեմպ են վերցրել։ Մեր բանկերին անհանգստացնողն այժմ Ռուսաստանին սպառնացող ֆինանսական պատժամիջոցների դաշտում չհայտնվելն է։ Հույս ունեն, որ ՍՎԻՖԹ համակարգը չի արգելափակվի, ամեն դեպքում՝ Մոսկվայի հետ այլ լուծում փնտրում են։
Սեյրան Սարգսյան - Մենք հետաքրքրված ենք, որ այլընտրանքային լուծումներ լինեն, որպեսզի մենք մեր փոխանցումները կամ մեր հաճախորդները իրենց ֆինանսական գործարքները հնարավորություն ունենան իրականացնել:
Սարգսյանն ասաց՝ Միությունն այս թեմայով քննարկումների է մասնակցել. գաղտնիք չէ։