Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված կլինի 5 անդամից: 10 բալանոց գնահատման համակարգով նրանց կընտրի սահմանադրական բարեփոխումների 11 հոգանոց խորհուրդը: Հերթական նիստի ընթացքում խորհրդի անդամները հաստատեցին թեկնածուների առաջադրման և ընտրության կարգը:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Բոլորը, ովքեր դիմում են, քարտուղարությունը ֆիլտրացիան անում է ըստ համապատասխանության փաստաթղթերի, հետո միանգամից գալիս է հարցազրույցի փուլը, ոչ մեկին լրացուցիչ ֆիլտրացիայի չենք ենթարկում, բոլորը մասնակցում են հարցազրույցի փուլին: Հարցազրույցը տեսաձայնագրվում է, բայց չի հեռարձակվում: Կարող է հրապարակվել միայն խորհրդի որոշմամբ, եթե առաջանա դրա անհրաժեշտությունը:
Հարցազրույցի ընթացքում կդիտարկվեն թեկնածուի մասնագիտական որակներն ու բարեվարքությունը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետների առաջարկով՝ հանվել է թեկնածուի կողմից բարեփոխումների առնչությամբ տեսլական ներկայացնելու պահանջը: Հայտերի ընդունման մասին կհայտարարվի օրեր անց: Մինչև այդ արդարադատության նախարարն առաջարկեց հավաքել ապագա Սահմանադրության կետերի վերաբերյալ Հայաստանում և արտերկրում ապրող հայրենակիցների կարծիքները: Քաղհասարակության ներկայացուցչի կարծիքով՝ անհրաժեշտ է այդ հարցում որոշակի սկզբունքներ հստակեցնել:
Կարեն Անդրեասյան - Ես, որպես գաղափարի հեղինակ, հենց դա էլ ուզում եմ: Եկեք մենք ամենաաբսուրդային առաջարկներից մինչև ամենառացիոնալ առաջարկներ փորձենք ստանալ: Ոնց մեր Կառավարությունը չի փորձել բովանդակային առումով ուղղորդել մեր խորհրդին, մենք էլ պետք է փորձենք չուղղորդել ժողովրդին:
Կարծիքների ընդունման համար վերջնաժամկետ սահմանվեց մարտի 31-ը: Հաջորդ հարցով խորհուրդը հաստատեց աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արթուր Սաքունցի առաջարկով՝ այն բաղկացած կլինի 6 փուլից: Առաջին հինգում կսահմանվեն բարեփոխումների սկզբունքները, դրանք կներկայացվեն Կառավարությանը, Ազգային ժողովին, կլինեն հանրային լսումներ: Հինգերորդ փուլում վերջնական տեսքի կբերվի բարեփոխումների նախագիծը:
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - 6-րդ փուլը՝ սահմանադրական փոփոխությունների տեքստի ընդունման գործընթացի իրականացում, ըստ հանրաքվեի մասին օրենքի:
Թե երբ կավարտվի ամբողջ գործընթացը՝ արդարադատության նախարարը ժամկետ չնշեց, փոխարենն անդրադարձավ կառավարման մոդելի փոփոխության հարցին՝ ընդգծելով՝ դրա մասին որոշումն առաջինը կայացվելու է հենց խորհրդի ձևաչափով:
Կարեն Անդրեասյան - Բնականաբար, քննարկումներ եղել են Կառավարությունում, ԱԺ-ում: Դրանց իմաստը հետևյալն է՝ գտնել լավագույն լուծումը, որպեսզի միաժամանակ լինի իշխանության մարմինների միջև արդյունավետ փոխգործակցություն, ինչպես նաև կառավարման էֆեկտիվություն:
Նախարարը հերքեց նաև խորհրդարանական ընդդիմության պնդումը, թե սահմանադրական բարեփոխումները միտված են իշխող ուժի վերարտադրությանը:
Կարեն Անդրեասյան - Այս Սահմանադրությունը թույլ է տալիս վարչապետին՝ անվերջ երկարաձգել իր վարչապետությունը: Այնպես որ, նախկին փորձից կամ սեփական արշինով չափել ամեն նախաձեռնություն՝ ճիշտ չի լինի:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հաջորդ նիստն առաջարկվեց անցկացնել փետրվարի 25-ին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան