ԱՄՆ իշխանությունը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի ռազմական, էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական և այլ կարևոր համակարգչային ցանցերի վրա հաքերային հարձակումների համար։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին։
Ըստ ամերիկյան կողմի՝ փետրվարի 15-ի երեկոյան Ուկրաինայի կառավարության և բանկային համակարգերի աշխատանքի խափանումը պայմանավորված է հաքերային հարձակումներով։ Հունվարի վերջին էլ Ուկրաինայի Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնել էր տեղական դատարանների կայքերի վրա զանգվածային կիբեռհարձակումների մասին։
Չնայած ԱՄՆ կողմից Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին՝ Ուկրաինայի իրավապահ մարմինները չեն բացահայտել հաքերների ինքնությունը։