Ժամանակակից Ռուսաստանը, որը միլիարդավոր դոլարներ է ներդրել իր զինված ուժերի արդիականացման համար, դարձել է աշխարհի ամենամարտունակ տերություններից մեկը՝ կուտակելով ամենամեծ ռազմական ներուժը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր։ Նման հայտարարություն է արել ավստրալական The Australian թերթը՝ վկայակոչելով տեղի ռազմական փորձագետներին ու վերլուծական նյութերը։
Պարբերականը նշել է, որ Ռուսաստանի ռազմական և պաշտպանական արդյունաբերությունը տուժել էր 1990-ականների սկզբին, սակայն 2008 թվականին Վրաստանի հետ հակամարտությունից հետո երկրի իշխանությունները մեծ ներդրումներ են կատարել զինված ուժերի արդիականացման և վերազինման համար:
«2022 թվականին Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանի ռազմական բյուջեն 2021 թվականին կազմել է առնվազն 62,2 միլիարդ դոլար: Պաշտպանության համակարգի վրա ավելի շատ գումար է ծախսել միայն Միացյալ Նահանգները՝ 754 միլիարդ դոլար, հետո Չինաստանն է՝ 207,3 միլիարդ դոլար, և Մեծ Բրիտանիան՝ 71,6 միլիարդ դոլար»,- նշում է The Australian-ը: