Բարձրագույն դատական խորհրդին արդարադատության նախարարության կողմից որոշ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ներկայացումը նախարար Կարեն Անդրեասյանը օբյեկտիվ աշխատանք է որակում։
«Բացարձակ օբյեկտիվ աշխատանք է տեղի ունենում։ Դա ասում եմ ամենայն անկեղծությամբ, ամենայն պատասխանատվությամբ և խղճի հանգստությամբ։ Այո՛, մեզ դիմում է քաղաքացին, չենք տանում կարգապահական, որովհետև իր ասածի մեջ կան արդարության հատիկներ, բայց այդ գործը իրավաբանորեն թույլ է, հիասթափվում է, տխրում է, երբեմն մեզ վարկաբեկում է ու թողնում-գնում է։ Տանում ենք գործը, դատավորն է սկսում վրդովվել, ասում է՝ իր նկատմամբ ճնշում է։
Քիչ ենք տանում, մեղադրում են, որ անգործություն է, վեթինգ տեղի չի ունենում, իշխանությունը չի ուզում մաքրել դատական համակարգը։ Շատ ենք տանում, ասում են, որ գործադիրը ընկել է դատավորների հետևից, ճնշում է և այլն։ Այս բոլոր շահարկումներով ո՛չ փոխելու եք մեր աշխատանքը, ո՛չ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ո՛չ էլ փակելու եք մեր հնարավորությունը՝ փակելու ապօրինությունների դեմ դատական համակարգում։ Որևէ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը իր շատ արդար կարգապահական վարույթները առաջ տանելու հարցում»,- ասաց Անդրեասյանը:
Անդրեասյանը նաև վստահեցրեց, որ «գրպանային» դատավորներին համակարգից դուրս թողնելու համար քայլեր են ձեռնարկելու:
«Որոշ ընդդիմադիր գործիչներ, որ հիմա դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով, թե իրենց քաղաքական թիմի ժամանակ ինչեր են արել դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունենան ու նորմալ աշխատանքը չվարկաբեկեն: Իսկ եթե վախենում են, որ «գրպանային» դատավորները դուրս կմնան դատական համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ այդ ուղղությամբ անելու ենք»,- ասաց Անդրեասյանը: