ԱՄՆ իշխանությունը ժամանակավորապես Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ուկրաինական նստավայրը Կիևից տեղափոխել է Լվով՝ ուկրաինական սահմանի մոտ ռուսական զենքի կուտակումների պատճառով: Այդ մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներին։
Պարբերականը նշում է, որ ԿՀՎ աշխատակիցների տեղափոխումը Կիևից կարող է բարդացնել Ուկրաինայում պաշտոնական Մոսկվայի գործունեության մասին տեղեկատվության հավաքագրումը: Թերթի պնդմամբ՝ ամերիկյան հետախուզությունը վերջերս ակտիվ ուսումնասիրում է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ղեկավարությանը վերացնելու կամ փոխելու տարբեր սցենարները»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ դեսպանատունը Կիև կվերադառնա, երբ իրավիճակն ապահով լինի։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեծ սխալ է համարել որոշ դեսպանատների և դիվանագետների տեղափոխումը Կիևից։ Նա նշել է, որ Արևմտյան Ուկրաինա հասկացություն գոյություն չունի, այլ կա ամբողջական Ուկրաինա։