Փետրվարի 7-11-ը Մոսկվայում անց է կացվել «ՊրոդԷքսպո 2022» 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) ազգային միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինիները։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ տեղեկացնում են նախարարությունից:
«ՊրոդԷքսպոն» սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Միայն այս տարի ցուցահանդեսն ունեցել է մոտ 2660 մասնակից 73 երկրից։
ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ «ՊրոդԷքսպո 2022»-ին մասնակցել է 15 հայկական գինեգործական ընկերություն: Նրանցից չորսը ռուսական հարթակում ներկայացել են առաջին անգամ՝ հնարավորություն ունենալով ծանոթանալ և իրենց արտադրանքը ներկայացնել առևտրային ցանցերի և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին:
Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև համտես-մրցույթ, որի ընթացքում ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող, հայկական GS Wine Company ընկերության «Տիրանի» նռան գինին արժանացել է ոսկե մեդալի և պատվոգրի: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են շահել նաև «Արմենիա Վայն» ընկերության՝ երկու տասնյակից ավել գինիներ:
«Մեզ համար «ՊրոդԷքսպոն» ամենակարևոր ցուցահանդեսներից է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գինու արտահանման ամենամեծ շուկան է: Հունվարից ՌԴ-ում՝ մրգային գինիների մակնշման օրենքի ընդունման արդյունքում հայկական մրգային գինիների սպառման անկում է նկատվում: Ուստի այս պատճառով ևս շատ կարևոր էր մեր մասնակցությունը, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին նոր գործընկերային կապեր հաստատել գինիների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Այս խոշոր ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 50 հայ արտադրողներ, որոնց մեծ մասին պետությունը փոխհատուցել է ցուցահանդեսին մասնակցության ծախսերի շուրջ 50 %-ը»։
Հայկական գինիների ճանաչելիության բարձրացման նպատակով ՀԽԳՀ-ն «Վինի» ընկերության հետ համատեղ կկազմակերպի նաև գինու 7 համտես-շնորհանդես: Միջոցառումներին կմասնակցեն Մոսկվայի առաջատար և անվանի սոմելիեներ, գինու մասնագետներ, Գինու ակադեմիայի և սոմելիեների դպրոցի ուսանողներ, որոնց կներկայացվի հայկական 19 ընկերության գինու 60 տեսակ։