Ռոբերտ Քոչարյանին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում: Մեղադրող դատախազն այսօր հրապարակեց նրա և Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Պետրոս Պետրոսյան (մեղադրող դատախազ) - Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով, ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ըստ մեղադրանքի՝ լիցենզիաները ձեռք բերելուց հետո Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 40 միլիոն դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված ընկերությանը: Իսկ այդ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Համբարձումյանը իր մտերիմ՝ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Վարդան Օսկանյանն այս գործով վկայի կարգավիճակ ունի:
Պետրոս Պետրոսյան - Նրանց համաձայնությունը ստանալուց հետո միաժամանակ Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքման և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից:
Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը, հավելել, որ կաշառքը ստանալու համար պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է գործարար Սամվել Մայրապետյանը:
Պետրոս Պետրոսյան - Կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008 թվականի փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները:
Դատախազը հրապարակեց նաև Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ զբաղեցնելով նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, Գևորգյանը Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 1 միլիոն դոլար կաշառք:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանքի ձևակերպումները, ըստ նրա՝ անհասկանալի են: Ըստ պաշտպանի՝ դատախազը մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն ամբողջությամբ չի հրապարակել: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ պարզաբանեց՝ չեն թվարկվել այն արարքներն ու հոդվածները, որոնցով մեղադրանքը դադարեցվել է: Խոսքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մասին է:
Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտարարեց, որ չի հասկանում մեղադրանքի էությունը։
Ռոբերտ Քոչարյան (ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ) - Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ինչ չեմ արել, որ պետք է անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որի բացատրությունը ես պետք է տամ, երբ հարցաքննվեմ, չկա։ Ես պետք է գամ ամբիոնի մոտ ու ասեմ՝ ինձանից ի՞նչ եք ուզում:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ մեղադրանքը պատշաճ պարզաբանված է, ինչին Քոչարյանն արձագանքեց քմծիծաղով։ Իսկ նրա պաշտպան Հայկ Ալումյանը կրկին պահանջեց պարզաբանել մեղադրանքը։
Հայկ Ալումյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Էս ի՞նչ եք անում, մեղադրանքը պարզաբանեք։ Էս պայմաններում մենք ո՞նց պիտի մեր պաշտպանյալի շահերից հանդես գանք, եթե մեղադրանքը ոչ մեկիս պարզ չի, առաջին հերթին՝ ձեզ պարզ չի: Դուք դատավարություն եք իրականացնում՝ չիմանալով ինչի մեջ ա մարդը մեղադրվում: Դուք չեք էլ կարող իմանալ, որովհետև ձևակերպումներն այդպիսին են: Ի նշան բողոքի՝ այսօրվա դատական նիստին ներկա չեմ գտնվում, սա իմ բողոքի ձևն է ձեր գործողություններին:
Այս հայտարարությունից հետո Ալումյանը լքեց նիստերի դահլիճը, նրան հետևեց նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Առանց դատարանի թույլտվության դահլիճը լքելու համար դատարանը պաշտպաններին տուգանեց 50-հազարական դրամով:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:
Արմեն Գևորգյանն էլ, բացի կաշառք ստանալուց, մեղադրվում է նաև փողերի լվացման համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան