Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 16-ը հայտարարել է Միասնության օր՝ հասարակության համախմբման և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու նպատակով։
Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինայի նախագահ - Մեզ ասում են, որ փետրվարի 16-ը մեզ վրա հարձակման օրն է: Մենք այն միասնության օր կդարձնենք: Վաղը մենք կկախենք ազգային դրոշը, կկրենք կապույտ և դեղին ժապավեններ և ցույց կտանք մեր համախմբվածությունը ամբողջ աշխարհին։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ հարձակում սկսելու մասին Արևմուտքի հայտարարություններին, Կիևը նման ներխուժման համար նախադրյալներ չի տեսնում։ Հիմքեր չկան նաև Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը՝ բացառելով Բելառուսի տարածքից Կիևի վրա ռուսական զորքերի հարձակման հնարավորությունը։ Նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հավաստիացրել է, որ ռուս-բելառուսական զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Բելառուսում և Ուկրաինայում ընթացող զորավարժություններին դիտորդների փոխադարձ այցելության վերաբերյալ:
Չնայած Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ իրավիճակի սրման համար դեռևս նախադրյալներ չեն տեսնում, ամերիկյան կողմը շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից, Բելառուսից և Մերձդնեստրից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ-ը որոշում է կայացրել նաև Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից ժամանակավորապես տեղափոխել Լվով։
Միջագային տարբեր դերակատարների ուշադրությունը գրավեց ՌԴ ՊՆ հայտարարությունը, որի համաձայն՝ Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայված Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների ստորաբաժանումները, որոնք կատարել են իրենց առաջադրանքները, շուտով կսկսեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվել իրենց մշտական տեղակայման վայրեր: Զորքերի մասնակի հետքաշման այս լուրին հաջորդեց մեկ այլ նորություն. Պետդուման հավանություն տվեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության մասին դիմումը ՌԴ նախագահի ուղարկելու նախագծին։
Ուկրաինան և Արևմուտքը, բուռն են արձագանքել Դումայի նախագծին՝ նախազգուշացնելով, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հնարավոր ճանաչումը կլինի մինսկյան պայմանավորվածությունների խախտում։
Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման ուղղութամբ ակտիվ էր նաև դիվանագիտական ճակատը. Մոսկվա էին ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը: Վերջինս ավելի վաղ այցելել էր Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Կիևը պատրաստ է մշակել և քննարկման ներկայացնել Դոնբասի հատուկ կարգավիճակի և այնտեղ ընտրությունների անցկացման մասին օրենագծեր, ինչը մինսկյան պայմանավորվածությունների առանցքային դրույթներից է: Մոսկվայում Շոլցն ընդգծեց Կիևի այս պարտավորությունը՝ նշելով, որ Ուկրաինայի շուրջ լարվածության լիցքաթափումը պետք է իրականացվի նախևառաջ կոնտակտային խմբի շրջանակներում:
Օլաֆ Շոլց, Գերմանիայի դաշնային կանցլեր - Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման դիվանագիտական հնարավորությունները դեռ սպառված չեն: Սակայն Ուկրաինայի դեմ հնարավոր գործողությունները կարող են լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար, և այդ մասին բոլորը գիտեն: Այս համատեքստում ՌԴ զինված ուժերի մասնակի հետքաշումը լավ նշան է:
Իրավիճակի դիվանագիտական կարգավորման հնարավորությունները սպառված չի համարել նաև ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Քիչ առաջ զեկուցեցին Պետումայում քվեարկության մասին: Ռուսաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աջակցում է Դոնբասի բնակիչներին, և պատգամավորները դա զգում են: Այնուամենայնիվ, Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հնարավորությունները դեռ ամբողջությամբ չեն իրացվել. Ռուսաստանը հույս ունի, որ այդ որոշումը կգտնվի:
Ուկրաինայի շուրջ լարվածությունն առանցքային տեղ է զբաղեցրել նաև Զբիգնև Ռաու-Սերգեյ Լավրով հանդիպմանը: Համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան կհրապարակի իր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքին։ Կողմերը հաստատել են նաև, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա։ ԵԱՀԿ գործող նախագահը Ռուսաստանին առաջարկել է եվրոպական անվտանգության շուրջ նոր երկխոսություն սկսել, ինչը Լավրովը հետաքրքիր նախաձեռնություն է որակել։
Զբիգնև Ռաուն ընդգծել է նաև, որ կառույցի տարածքում շարունակվող հակամարտություններն ապակայունացնող ազդեցություն են ունենում եվրոպական անվտանգության մթնոլորտի վրա։ «Մերձդնեստրում, Հարավային Կովկասում լարվածությունը սահմանափակում է այդ տարածաշրջանների զարգացումը։ ԵԱՀԿ-ն կարևոր մոնիթորինգային մեխանիզմ է և աջակցում է խաղաղապահ գործընթացների զարգացմանն ուղղված քաղաքական ջանքերին»,- ամփոփել է նա: