Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը դարձյալ վերադառնում է Մալերին. փետրվարի 15-ի համերգի ծրագրում Մալերի 2-րդ՝ «Հարություն» սիմֆոնիան է: Էդուարդ Թոփչյանը վստահ է, որ հնգամաս և էպիկական շնչով գրված այս գործը իր որքան հրաշալի, նույնքան բարդ երաժշտությամբ կատարողական արվեստի փորձաքար է ցանկացած բարձրակարգ նվագախմբի համար: 2-րդ սիմֆոնիան կհնչի ֆիլհարմոնիկի, ազգային ակադեմիական երգչախմբի և մենակատարներ՝ սոպրանո Ռուզան Մանթաշյանի և մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովայի կատարմամբ: Այսօր Փարիզի, Բեռլինի, Ժնևի, Ցյուրիխի, Ամստերդամի, Համբուրգի օպերային մեծ բեմերում երգող սոպրանոն երբեք չի մոռանում իր առաջին բեմելը Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ:
Մեծ թատրոնի, Մետրոպոլիտենի և Մոնրեալի օպերաների մենակատար Օլեսյա Պետրովան դեռ նախորդ ապրիլին Երևանում էր՝ Վերդիի «Ռեքվիեմի» կատարման առիթով: Թոփչյանի նոր հրավերն ընդունել է մեծ ուրախությամբ, որովհետև պաշտում է Մալերին ու սիրում մեր նվագախումբը:
Օլեսյա Պետրովա (երգչուհի, մեցցո-սոպրանո) - Շատ եմ սիրում Մալերին, երգել եմ նրա գրեթե բոլոր սիմֆոնիաները: Երրորդ անգամ է, որ երգում եմ 2-րդ սիմֆոնիան, որն այնքան հզոր է, գեղեցիկ ու հիասքանչ: Եվ երջանիկ եմ, որ մաեստրո Թոփչյանն ինձ հրավիրեց, քանի որ նվագախումբը հրաշալի է, և մաեստրոն էլ ասում է, որ ես արդեն մի քիչ հայուհի եմ: Այնպես որ, ամեն անգամ Երևան գալիս ասես տուն եմ գալիս:
Մալերի 2-րդ սիմֆոնիան, որ մահվան ողբերգության, կյանքի ունայնության և հուսահատությունից դեպի վերածնունդ ընթացքի մասին կատարյալ երաժշտական ստեղծագործություն է, կարող է ոգեշնչող ու ապաքինող ազդեցություն ունենալ մեր ժողովրդի համար:
Եվ քանի որ Մալերը միավորում է այս հրաշալի ստեղծագործական թիմին, ապա Ռուզան Մանթաշյանը նոր հրավեր է ստացել Էդուարդ Թոփչյանից՝ հաջորդ համերգում երգել 4-րդ սիմֆոնիան, որը կհնչի արդեն մարտին: