Վերջերս, երբ Հայաստանում սկսեց ակտիվորեն շրջանառվել քովիդի «Օմիկրոն» ենթատեսակը, ու վարակվածների ինքնամեկուսացման պահանջը 14-ի փոխարեն դարձավ 7 կամ 10 օր, հանրության շրջանում որոշակի տպավորություն ստեղծվեց, թե ՊՇՌ թեստավորման մասին կարգավորումները նույնպես փոխվել են: Առողջապահության նախարարության մասնագետն ասում է՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չպատվաստված քաղաքացիները ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը գործատուին պետք է ներկայացնեն 7 օրը մեկ: Իսկ կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիները այդ պարտավորությունից ազատվում են 90 օրով:
Գործող կարգավորումներով՝ պատվաստումը ևս կարող է հետաձգվել վարակվելուց հետո 90 օրով: Բայց նաև պարտադիր չէ այդքան սպասել: Ավելին, խորհուրդ է տրվում չսպասել՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակն արդեն իր տարատեսակներն ունի, և կրկնավարակներ գրանցվում են նաև 90 օրվա ընթացքում: Միայն թե կարևոր է, որ պատվաստվելուց առաջ հիվանդության ախտանշաններ այլևս չլինեն ու 14 օր անցած լինի:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - Արդեն տարածվածությունը նույնիսկ աշխարհագրորեն ընդլայնվել է, և վարակելիությունը ավելի մեծ է, քան հիմնական «Օմիկրոնը», իր ենթատեսակը այս տեսանկյունից արդեն գերազանցել է մայր վիրուսին:
Սահակյանը հերթական անգամ ընդգծում է պատվաստումների ու, հատկապես, խթանիչ դեղաչափի կարևորությունը: Նշում՝ որքան կորոնավիրուսի տարատեսակներն ավելանում են, այնքան նվազում է պատվաստանյութի արդյունավետությունը:
Գայանե Սահակյան - Եվ այս տեսանկյունից ամբողջ աշխարհը պետք է միամոմենտ, միահամուռ այդ պատվաստումների գործընթացն իրականացնի, որ և՛ վիրուսի մուտացիան, այս շղթայական մուտացիան, փոփոխությունները ինչ-որ էտապում գոնե կանգնեցվեն, և՛ նաև վիրուսը շրջանառությունից դուրս մղվի:
Քովիդի զարգացումը հուշում է, որ ինչ-որ փուլում այն հնարավոր է էնդեմիկ վիրուսի փոխակերպվի՝ ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, դառնալով հերթական վիրուսներից մեկը, որը միգուցե առաջացնի բռնկումներ, բայց համաճարակի պատճառ չդառնա: Վիրուսն ու մարդը սովորում են միմյանց հետ հաշտ ապրել:
Դավիթ Մելիք-Նուբարյան (հանրային առողջության մասնագետ) - Սա էդ էվոլյուցիոն տրամաբանական շղթան է, որը այս պահին մենք տեսնում ենք: Հուսանք՝ այսպես էլ կշարունակվի, և նոր, վտանգավոր մուտացիաներ չեն լինի, ինչը մենք բացառել իհարկե նույնպես չենք կարող:
Հայաստանում «Օմիկրոնի» ու դրա տարատեսակների թեթև ընթացքի մասին խոսելը Մելիք-Նուբարյանը վաղ է համարում՝ հաշվի առնելով մահերի ավելացող թիվը: Նկատում է՝ վարակը թեթև է բարձր իմունիզացիա ունեցող երկրներում, օրինակ՝ Դանիայում, որտեղ պատվաստված է չափահաս բնակչության 90 տոկոսից ավելին:
Դավիթ Մելիք-Նուբարյան - Մենք 5-10 մահ ենք ունենում օրական, սա բարձր ցուցանիշ է, ցածր ցուցանիշ չէ, եթե համեմատենք մահերի թիվը նույն Դանիայի հետ, այնտեղ եզակի մահվան դեպքեր են հայտնաբերվում հազարավոր նոր դեպքերի համեմատ:
Հետևաբար, ըստ մասնագետի, Հայաստանում «Օմիկրոնը» «Դելտա» շտամի համեմատ է թեթև ընթանում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան