Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ հայ ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու իրանական գրականությանը: Մոսկվայի «Սադրա» հրատարակչության գեղարվեստական և գիտական գրքերը 10 օր շարունակ ներկայացված կլինեն Հայ-ռուսական համալսարանում բացված ցուցահանդես-վաճառքին:
Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Իրանը և Հայաստանն ընդհանուր պատմություն ու մշակույթ ունեն, բայց հատկապես նոր սերունդը շատ քիչ բան գիտի միմյանց մասին: Նման միջոցառումների նպատակը այդ բացը լրացնելն է, երկու երկրների մշակույթը ճանաչելի դարձնելը:
Համագործակցությունը Սլավոնական համալսարանի հետ պատահական չէ՝ ասում է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ռուսալեզու գրականությունն այս բուհի ուսանողներին ավելի շատ կհետաքրքրի:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական) - Միջոցառումը համընկել է Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 43-րդ տարեդարձի հետ, և հաշվի առնելով, որ հայ հասարակությունը ռուսաց լեզվին լավ է տիրապետում, կազմակերպել ենք այս միջոցառումը: Այստեղ ներկայացված գրքերը տարբեր ժանրերի են՝ մանկագրությունից մինչև Իրանի պատմություն:
Մոսկվայի «Սադրա» հրատարակչությունը երկար տարիներ իրանցի գրողների հետ համագործակցելով՝ գրքեր է հրատարակում, զբաղվում է գրական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև փոքրիկ ընթերցողներին:
Ֆարիս Նուֆալ (հրատարակչության ներկայացուցիչ) - Հայաստանում արևելյան գրականությունը բավական պահանջված է, հատկապես իրանական գրականությամբ հետաքրքրվողները շատ են: Այստեղ ներկայացված գրքերը մեծ մասամբ վերջին շրջանում են հրատարակվել՝ կրոնի պատմություն, փիլիսոփայություն և այլն:
Դեսպանատունը, բացի մշակութային միջոցառումներից, կարևորում է նաև երկու բարեկամ երկրների համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը՝ առաջիկայում նախատեսելով ավելացնել դրանց թիվը:
Աբբաս Բադախշան Զոհուրի - Կրթական ոլորտում երկխոսությունը միշտ է եղել ու շարունակական է լինելու: Լիահույս ենք, որ մոտակա 5 ամիսների ընթացքում կկարողանանք կազմակերպել փոխադարձ այցելություններ երկու երկրների համալսարաններ, ինչը կնպաստի համալսարանների և գիտնականների միջև հարաբերությունների զարգացմանը:
Ցուցահանդես-վաճառքից հետո իրանական գրականությունը կհամալրի Հայ-ռուսական պետական համալսարանի գրադարանային ֆոնդը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան