2022 թվականի կրթության ոլորտի ծրագրերն ու խնդիրները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով իմ նախաձեռնությամբ աշխատանքային խորհրդակցությունների ու հանդիպումների շարք ենք մեկնարկել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
«Խորհրդակցությունները մեկնարկել ենք ըստ տարածաշրջանների, և այս համատեքստում հանդիպել եմ Աբովյան, Ակունք, Գառնի, Ջրվեժ, Արզնի և Բյուրեղավան համայնքների դպրոցների ղեկավարներին: Նախ քննարկել ենք համավարակի կանոնների լիարժեք պահպանմանն ուղղված հարցեր՝ հորդորելով խստագույնս հետևել բոլոր ցուցումներին՝ կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով:
Անդրադարձել եմ նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը՝ հանձնարարելով խորհուրդների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացնել գործուն քայլեր: Որպես ուսուցչի մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված նպատակային միջոցառում՝ կարևորել եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը և այդ հարցում տնօրենների անմիջական դերակատարությունը:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները ներկայացրել են 2021-2022 ուսումնական տարվա նորընտիր տնօրեններին, որոնց շնորհավորել և հաջողություններ եմ մաղթել:
Խորհրդակցության ավարտին վստահեցրել եմ, որ առաջիկայում նմանատիպ քննարկումներ կլինեն ոչ միայն խորհրդակցությունների, այն նաև անմիջական հանդիպումների ձևաչափով: Առաջիկայում ընդունելու եմ նաև մարզային ենթակայության մյուս դպրոցների տնօրեններին»,- նշել է մարզպետը: